Դպրոցի պատմություն

bayronschoolՀայաստանում և նրա սահմաններից դուրս լավագույն ավանդութներով հայտնի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը Գյումրու Վերածննդի առաջին խորհրդանիշերից մեկն է: Երկրաշարժից հետո դպրոցի կառուցումը մարդասիրության դրսևորման մի վառ օրինակ էր, փլատակների վերածված քաղաքում հույսի մի օազիս: Դպրոցը հիմնադրվել է 1950թ.-ին և կրել է Գ. Սունդուկյանի անունը: 1961թ. դպրոցում կազմակերպվել է անգլերեն լեզվի թեքումով ուսուցում և փայլուն կերպով իրականացվել մատաղ սերնդին կրթելու ու դաստիարակելու դժվարին գործը: Սակայն 1988թ. դեկտեմբերյան աղետը չխնայեց նաև մեր դպրոցին` փլատակների վերածելով շենքի հիմնական մասը` խլելով 44 ուսուցիչների ու աշակերտների կյանքեր, որոնց անդառնալի կորուստը դեռ երկար է մնալու մեր սրտերում և դպրոցի պատմության էջերում: Ու թեև մենք մի պահ կարկամեցինք ցավի առջև, քարացանք ճակատագրի դաժան հարվածից, բայց մեր արյան մեջ ու հոգիներում նորից արթնացավ ապրելու, հարատևելու, լուսավոր երազի համար մաքառելու ոգին: Եվ երկրաշարժից ընդամենը երկու ամիս անց կազմակերպվեց վրանային դպրոց, ուր շարունակեց վառվել հայոց դպրության ջահը: Երբ դպրոց այցելած անգլիացի լրագրողները հարց են տվել աշակերտներին, թե ի՞նչ են ամենից շատ երազում, նրանք պատասխանել են, որ ուզում են սովորել նոր դպրոցում: Եվ տպավորված Գյումրեցիների ոգու ամրությամբ ու կամքով՝ Մեծ Բրիտանիայի կառավարության, անգլիահայ համայնքի հանգանակությամբ, մի շարք անգլիական կազմակերպությունների օգնությամբ կառուցվեց մեր դպրոցը: 1990թ.-ի հունիսին դպրոցը բացելու պատիվը տրվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգրետ Թետչերին: Ի երախտագիտություն Մեծ Բրիտանիայի՝ դպրոցը վերանվանվեց Լորդ Բայրոնի անունով: Այսօր դպրոցը շարունակում է լավագույն ավանդույթները և լրացնում իր հետաքրքիր տարեգրության էջերը: